Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստին հայտարարել է, որ արդեն կա մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը՝ ամբողջապես պատրաստ։
«Հիմա այն անցնում է փորձաքննությունների փուլը։ Այն բոլոր քննարկումները, որոնք վերաբերել են մետրոյի կայարանին, վերջապես արդեն մոտենում են իրականացման փուլին, հիմա էլ արդեն նախընտրական շրջան չի, խոստումներ չենք տալիս, ուղղակի ամեն ինչ ձեր աչքի առջև տեղի կունենա», – ասել է Ավինյանը, հայտնում է Aysor.am-ը։
Մետրոյի կայարանի նախագծի մրցույթում հաղթող էր ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Աջափնյակ» կայարանը պետք է ապահովված լինի բոլոր ատրիբուտներով, երկկողմանի կանոնավոր երթևեկությամբ, թունելները պետք է ապահովված լինեն արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարման հնարավորություններով։ Հիմնավորման մեջ նշվում էր, որ կայարանի կառուցումը թույլ կտա բեռնաթափել Կիևյան և Դավթաշենի կամուրջները քաղաքային տրանսպորտից, ինչպես նաև կբարելավի Աջափնյակի կապը քաղաքի կենտրոնի հետ։