ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ինքը ևս չի մասնակցելու ՀԱՊԿ միջոցառմանը, որը կայանալու է դեկտեմբերին։
«Դեկտեմբերին ՀԱՊԿ-ում միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցելու դրան։ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի, բայց, կարծում եմ, իմ մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ։ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարում, գնամ՝ ինչ անեմ»,- ասել է ԱԺ նախագահը, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ իրենք այդպիսով փորձում են ՀԱՊԿ մեխանիզմն աշխատեցնել։
«Ես ՀԱՊԿ-ի իմ գործընկերներին հայտնել եմ իմ որոշման մասին։ Դեռ արձագանք չկա, կարծում եմ, չի էլի լինի, քանի որ իրենց համար էլ է հասկանալի, թե որոնք են չմասնակցելու պատճառները։ ՀԱՊԿ-ը կառույց է, որը պետք է պաշտպանի ՀԱՊԿ անդամ երկրներին։ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել են երրորդ երկրի ուժեր և ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել դրան»,–ասել է նա։
Դիտարկմանը, թե գնացեք՝ բարձրացրեք այդ հարցերը՝ Սիմոնյանն արձագանքել է. «Մեռանք բարձրացնելով, և բանավոր ենք բարձրաձայնել, և գրավոր, բացատրել ենք, օրինակ ենք ծառայել, ամեն ինչ արել ենք։ Ես կարծում եմ, հիմա հերթը ՀԱՊԿ-ինն է։ ՀԱՊԿ երկրները պետք է արձագանքեն, ոչ թե ապրեն ինչ-որ երևակայական փուչիկի մեջ, կա իրենց իրականությունը և կա իրականություն, որի մեջ ապրում ենք մենք։ Այդ իրականությունները չեն համընկնում, ու դա խնդիր է»։
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ նման իրավիճակում ՀԱՊԿ-ը դուրս գա այsտեղից՝ Սիմոնյանը պատասպանել է, թե՝ դուրս գալն էլ ինչպե՞ս է լինում։
«Իսկ դուրս գալն էլ ինչպե՞ս է լինում։ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ, որոնք չի կատարում։ Երբ Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ նշում է կետեր և ՀԱՊԿ-ն անգամ քաղաքական գնահատական չի տալիս, ապա իրենք իրենց գործողություններով, հայտարարություններով, խոսույթով ապացուցում են, որ այդ կառույցը խնդիր ունի»։
Իրենք ասում են, որ դիտորդական առաքելություն են պատրաստվում ուղարկել՝ չհստակեցնելով, թե որտեղ են ուղարկելու այդ առաքելությունը։ Տպավորություն են փորձում թողնել, որ ինչ-որ գործողություններ են անում, ինչ-որ ձևով օգնում են։
Թող հայտարարեն, որ Հայաստանի և Ադրբեջանի սահման գոյություն ունի; Չի կարելի ասել, որ էդտեղ սահման չկա, բայց ՀԱՊԿ-ը կա։ Եթե այդտեղ սահման չկա, ապա ՀԱՊԿ-ը սահման չունի, եթե ՀԱՊԿ-ը սահման չունի, ապա գալու՝ կանգնելու տեղ չունի։ Ավելին, եթե գան, կանգնեն 50-100 կմ այն կողմ ու ասեն՝ սա էր մեր սահմանը, բա հետո ի՞նչ ենք անելու։ Իրենք 1 շաբաթ հետո գնալու են, բա մեր պետությունն ի՞նչ է անելու։ Ո՞ւր են գալու՝ կանգնեն, Երևա՞ն, Ջերմո՞ւկ, ո՞ւր։ Դուք չե՞ք տեսնում ՀԱՊԿ-ի անդամ պետություններ ղեկավարների խոսույթը։
Ես կարծում եմ՝ հայկական հանրության մեջ՝ ոչ ընդդիմության, ոչ իշխանութան մեջ այլևս հարց չկա այս հարցի շրջանակներում։ Ակնհայտ է, որ կան քաղաքական շահեր, ու այդ շահերը գործել են հայ ժողովրդի շահերի դեմ»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։