AM
22 November 2023 - 13:44 AMT

ՌԴ–ի 40 տ մարդասիրական օգնությունը հասել է Երևան

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանից 40 տոննա մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռը: Մարդասիրական օգնությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։

Օգնությունը, որը ներառում է սնունդ, վերմակներ և շարժական էլեկտրակայան, Հայաստան է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով և ՌԴ կառավարության հանձնարարությամբ, գրում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ն Հայաստան էր ուղարկել 6 տոննա սննդամթերք՝ 500 մթերային հավաքածու, 500 փաթեթ անձնական հիգիենայի փաթեթ, կենցաղային քիմիկատներ։

Բացի այդ, ՌՄԱ–ն Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հետ համատեղ ցուցաբերում է բարոյական և հոգեբանական աջակցություն, իսկ «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամն ավելի քան 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։