Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունից տուժած և ծանր վիճակում գտնվողներից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնած տեղեկությունը, թե տուժածների առողջական վիճակը ծանր է, երեկվա տվյալ է, գրում է Sputnik Արմենիան։
«Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,– գրել է Ավանեսյանը:
Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ:
Նոյեմբերի 17-ին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում պայթյուն էր գրանցվել, որից հետո հրդեհ էր բռնկվել։ Պայթյունի հետևանքով 1 մարդ տեղում մահացել էր, 3-ին տեղափոխել էին բուժկենտրոններ։