AM
24 November 2023 - 08:38 AMT

Արցախի նախագահը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին: Այդ մասին հայտնել է հանձնաժողովի անդամ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նիստն ընթանում է փակ ձևաչափով։ Այն մեկնարկել է ժամը 11-ին։

Քննիչ հանձնաժողովը, մասնավորապես, Սամվել Շահրամանյանից ուզում է լսել «պետական դավաճանության, դիվերսանտների և նրանց գոյության մասին, նաև պատերազմի մինչև սկսվելը տեղեկատվության հետ կապված հարցերի պատասխանները»։

Նոյեմբերի սկզբին քննիչ հանձնաժողովը գրավոր նամակ էրուղարկել Շահրամանյանին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել էր՝ ցանկանում էին հանձնաժողով հրավիրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեպքում «խոչընդոտը նրա քրեական գործն է»։ Ըստ Քոչարյանի՝ քննարկել և որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահից:Շահրամանյանն ընդունել է հանձնաժողով ներկայանալու հրավերը: