AM
24 November 2023 - 12:02 AMT

Փաշինյան․ Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է 3 սկզբունքի շուրջ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին, ասել է, որ դեռ պարզ չէ Բաքվի դիրքորոշումը՝ վերահաստատո՞ւմ է 3 սկզբունքի շուրջ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը, թե ոչ։

Ըստ նրա, ոչ կարող են պդնել, թե Ադրբեջանը հրաժարվում է համաձայնեցված սկզբունքներից, ոչ ասել, որ վերահաստատում է իր հավատարմությունն այդ սկզբունքներին։

Նա ևս մեկ անգամ ներկայացրել է այդ սկզբունքները՝ Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները:

Փաշինյանն ասել է՝ թեև Ադրբեջանը հայտարարել է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց կոնկրետություն չկա այդ հարցում՝ անհրաժեշտ է բանակցությունների ընթացքում այս հարցերը պարզաբանել։

«Առաջիկայում քարտեզների ու սահմանների մասով նախատեսված է հանդիպում՝ նոյեմբերի 30-ին, այդ քննարկումներց մենք հետևություններ կանենք, եթե այլ բանակցություններ լինեն, այդ բանակցություններից էլ հետևություն կանենք, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե հրաժարվում է սկզբունքներից», – ասել է վարչապետը։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։