Նոյեմբերի 30-ին Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստի շրջանակում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
ՌԴ ԱԳՆ–ն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան հաստատել է պատրաստակամությունն ակտիվորեն աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առաջխաղացմանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, այդ թվում Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:
Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։ Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: