AM
30 November 2023 - 15:04 AMT

Միրզոյանը՝ ՆԱՏՕ–ի հատուկ ներկայացուցչին․ Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության ճանաչման հարցում

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991թ. Ալմաթիի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն, վերահաստատելով տարածաշրջանում կայունության հաստատման հարցում իր ամուր հանձնառությունը և չնայած առկա մարտահրավերներին, որոնք բխում են նաև ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից, շարունակում է ակտիվ ներգրավածությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցում։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նախարար Միրզոյանը շեշտել է երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ միանշանակ և միջազգային գործընկերների համար ընկալելի դիրքորոշումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ, այդ թվում՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի շրջանակներում։