AM
1 December 2023 - 10:16 AMT

ԿԳՄՍՆ․ Ատեստավորմամբ 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կլինի 200,000 դրամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս հավաքած ուսուցիչների/անձանց ցուցակները՝ սահմանելով դրույքաչափը 200,000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար։

Համաձայն հրամանի՝ ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխությունից կօգտվեն պետական հանրակրթական դպրոցներում որպես ուսուցիչ աշխատանքի ընդունվելու օրվանից:

Սահմանվել է նաև, որ դրույքաչափի փոփոխությունը կատարվում է՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, որը կիրառվելու է նաև 2021 և 2022 թվականներին կամավոր ատեստավորմանը մասնակցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում իրականացվել են մի շարք փոփոխություններ։ Չատեստավորված, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցել հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակության խնդիր չեն ունենա

Ավելի վաղ ուսուցիչները բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով կամ թեթեւացնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը, կամ ատեստավորման թեստերը կազմել այնպես, որպեսզի մեծամասնությունը կարողանա հաղթահարել այն: Ուսուցիչները նաև պահանջում էին փակել էլեկտրոնային մատյանները և անցնել թղթային մատյաններին, քանի որ, ըստ նրանց, այդպիսով աշակերտների կրթական մակարդակը չի բարձրանում, իսկ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է: