Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։
Պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու որևէ հիմնավորում գոյություն չուներ, գրում է «Փաստինֆոն»։
«Այժմ պետք է դիտարկենք որոշման համատեքստում մեր գործողությունները, որոնք այս պահին հստակ չեն։ Գրիգորի Խաչատուրովն այս պահին տեղափոխվեց ՔԿՀ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը։
Գրավի չափ է սահմանվել 20 մլն դրամը և Խաչատուրովն ազատ կարձակվի միայն գրավի գումարը դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո։
Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է հողատարածքի օտարմանը։ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։ Գործով մեղադրյալները 13-ն են, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։