AM
2 December 2023 - 08:39 AMT

Գոտի չկապելը վթարներից մահացության 2-րդ պատճառն է․ Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են

2022 թվականին ՀՀ ճանապարհային ոստիկանները և պարեկային ծառայողները կազմել են անվտանգության գոտիները չամրակապած մեքենա վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու 50,131 վարչական իրավախախտման արձանագրություն, իսկ 2023 թվականի 11 ամսում արձանագրվել է նման 66,790 իրավախախտում, ինչը նախորդ տարվա համեմատ 16,000-ով ավելի է, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ, ըստ վիճակագրության, արագության գերազանցումից հետո անվտանգության գոտի չկապելն ավտովթարներից մահացության 2-րդ պատճառն է։

Ամրակապված վարելը նվազեցնում է վթարի դեպքում մահվան կամ լուրջ վնասվածքների հավանականությունը՝ վարորդներին և ուղևորներին ճիշտ դիրքում պահելով անգամ ինքնավթարի և կողաշրջման պարագայում։

Ընթացքի մեջ վարորդը և ուղևորները շարժվում են մեքենայի նույն արագությամբ: Եթե մեքենան կտրուկ կանգնում կամ վթարի է ենթարկվում, ապա վարորդն ու ուղևորները շարունակում են նույն արագությամբ շարժվել, որով մեքենան ընթանում էր մինչև կանգ առնելը:

Նշվում է, որ հաճախ են հանդիպում դեպքեր, երբ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են, բայց իրականում վարորդը ամրագոտին երբեմն գցում է նստարանի թիկնակին:

Անվտանգության գոտի չամրակապելը ճանապարհային երթևեկության կանոնների տարածված խախտումներից է: Վարորդներից բացի, չամրակապվելու հնարավոր ռիսկերը, ցավոք, հաշվի չեն առնում նաև ուղևորները։

ՆԳՆ–ն հորդորում է վարորդներին և ուղևորներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ անվտանգության գոտու պարտադիր կիրառումը կպահպանի կյանքը։