AM
4 December 2023 - 08:59 AMT

«Հայաքվե»-ի կողմնակիցներն ԱԺ մոտ պահանջում են ընդունել ԼՂ հանձնումը քրեականացնող օրինագիծը

«Հայաքվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ ԱԺ–ն ընդունի Լեռնային Ղարաբաղի հանձնումը քրեականացնող օրինագիծը, որն այժմ քննարկվում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովում, գրում է Sputnik Արմենիան։

Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախագծի ընդունումը կարևոր է, որպեսզի Արցախը վերադարձնելը հնարավոր լինի։

«1994–ին, երբ կնքվեց զինադադարը, Ադրբեջանը պարտված էր, բայց չգնաց խաղաղության պայմանագրի, զինադարար կնքեց։ 26 տարի ուժ հավաքեց ու վերադարձրեց այն, ինչ համարում էր իրենը։ Նույնը պիտի անենք մենք, Ադրբեջանն այդ իմաստով օրինակ է մեզ համար»,– ասել է նա։

«Հայաքվե» նախաձեռնությունն օրենքի նախագիծը հոկտեմբեր 11-ին հանձնել է ԱԺ։ Այն պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

«Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: ԿԸՀ–ն հաստատել է ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21–ից օգոստոսի 19–ը ներառյալ, բայց «Հայաքվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։