AM
4 December 2023 - 10:26 AMT

Հայաստանում ծնված երեխաները ՀՀ քաղաքացիություն կստանան՝ առանց դիմումի

Քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում ծնված երեխաները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք կստանան՝ առանց դիմումի:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նախագծի առաջարկներից մեկը քաղաքացիություն չունեցող անձանց և ապաքաղաքացիության դեմ պայքարի տրամաբանության մեջ է, հայտնում է Արմենպրեսը։

Զեկուցողը նշել է, որ այս պահին քննարկվում է Քաղաքացիություն չունեցող անձանց մասին առանձին օրենքի ներկայացումը: Մինչև այդ կառավարությունը ներկայացված նախագծով է առաջարկ արել:

«Քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների հետ կապված դրույթ ունենք, որ նրանց մեխանիկորեն տալիս ենք ՀՀ քաղաքացիություն: Կա դիմումի պահ, առաջարկում ենք դիմումի պահանջը հանել, որ օրենքի ուժով այդ երեխաներին ճանաչենք ՀՀ քաղաքացի և դրանով նաև կատարենք 1954թ. ապաքաղաքացիության դեմ պայքարի կոնվենցիայով մեր ստանձնած պարտավորությունները»,-ասել է Ղազարյանը:

Նախագծով նաև հստակեցում է արվում ու օրենքում ֆիքսվում, որ ծնողներից մեկի քաղաքացիության դադարեցման պարագայում միայն կարող է անչափահասի քաղաքացիության դադարեցման վարույթ մեկնարկել:

«Պրակտիկայի առումով ոչինչ չի փոխվում: Պարզապես իրավական կազուս կար օրենքի մեջ»,-ասել է ծառայության պետը՝ հավելելով, որ պարզապես երկու հոդվածների միջ անհամապատասխանություն էր առաջացել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվել է, թե այն դեպքերի մասով, երբ անձինք մինչև զինվորական հաշվառումը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, ի՞նչ աշխատանք է տարվում: Ղազարյանը պատասխանել է, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, այս առաջարկն էլ միտված է պատգամավորի մատնանշած խնդրի լուծմանը:

Նախագիծը հավանություն է ստացել և դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: