AM
4 December 2023 - 11:58 AMT

ՀՀ նախագահն ու Թալեբը քննարկել են վերջինիս գործերում արծարծված փիլիսոփայական հայեցակարգերը

«Գիտության և գործարարության 2023» համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած ակնարկագիր, մաթեմատիկոս և փիլիսոփա Նասիմ Նիքոլաս Թալեբը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկել են Թալեբի գործերում արծարծված փիլիսոփայական հայեցակարգերն ու գաղափարական սկզբունքները:

Իր խոսքում նախագահը նշել է, որ խմբագրել է հեղինակի Incerto-ի հինգ հատորանոց փիլիսոփայական էսսեն անորոշության մասին, որը հրատարակվել է 2001-ից 2018 թվականներին՝ «Հակափխրունություն», «Սև կարապ», «Պրոկրուստյան մահիճ», «Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է», «Պատահականության խաբկանքից մոլորվածները», որոնցում առկա նորահայտ մոտեցումները հասարակական քաղաքական և տնտեսական զարգացումների և իրադարձությունների վերաբերյալ էական ազդեցություն են ունեցել արդի քաղաքական և տնտեսական մտքի, քաղաքական կառուցակարգերի փոփոխության գործընթացի վրա: Հնգհատորյակը հայերեն թարգմանվել և հրատարակվել է «Կողբ» հիմնադրամի և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել խաղաղության, խաղաղ ապրելու հայեցակարգերի և գաղափարական ու կիրառական սկզբունքների վերաբերյալ:

Նասիմ Նիքոլաս Թալեբն իր խոսքում անդրադարձել է նաև Սփյուռք երևույթին և մասնավորապես հայկական Սփյուռքին, նշելով, որ լիբանանյան ծագում ունենալով սերտ հարաբերություններ ունի լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից աշխարհում կրթության ոլորտում և ընդհանրապես հանրային կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ Սյունիքում առաջիկայում կառուցվելու են երկու «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոններ» և առաջարկել է հյուրին ապագայում Հայաստան գալու հնարավորության դեպքում այցելել նաև երկրի հարավ:

«Գիտության և գործարարության օրեր» համաժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-2–ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Ընթերցեք նաև․ Թալեբ. Ափսոս, որ Արարատը Թուրքիայում է