AM
4 December 2023 - 12:09 AMT

Ֆրանսիան իր պետդիպլոմին համարժեք է վերաճանաչել ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը վերաճանաչել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը՝ ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք:

Այս մասին ասել է համալսարանի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը՝ հավելելով, որ այն վավեր է 2023 թվականից մինչև 2027 թվականը ներառյալ, տեղեկացնում է Արմենպրեսը։

Բուհի կրթության վարչության ղեկավար Անգին Մարտիրոսյանը, ընդգծելով, որ կրթական գործընթացների որակի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռազմավարական ուղղություններից է և գտնվում է ռեկտորի ուշադրության կենտրոնում, հերթական հաջողությունն է համարել Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք ճանաչելը։

Միջազգային կապերի գծով պրոռեկտոր >b>Վարդգես Եդոյանի խոսքով դիպլոմների ճանաչումը սկիզբ է առել դեռ 1994 թվականից, որը սկզբում իրականացվում էր 2 տարին մեկ անգամ, այնուհետև՝ հինգ տարին մեկ անգամ։

«Ներկայացվում են համալսարանի ուսումնական ծրագրերը, որոնք փորձաքննության են ենթարկվում համալիր ձևով։ Ստուգվում է ամեն ինչ՝ ուսանողների ուսումնական ծրագրերը՝ միջազգային կապերի գծով, նրանց միտքը, միջազգային հարթակներում հաղթանակները, դասախոսների վերապատրաստման աստիճանը։ Նրանք եղել են տեղում և տեսել են ուսանող-դասախոս հարաբերությունը, կյանքի պահանջներին համապատասխան կրթության ապահովումը։ Դա երկար պրոցես է․ փաստաթղթերը ներկայացվել են գարնանը, և մոտավորապես 10 ամիս մեզ հայտնի և անհայտ ձևերով ու կազմակերպությունների միջոցով ստուգվել են դրանց՝ իրականությանը համապատասխանելը և, ի վերջո, հոկտեմբերի 27-ին որոշում է ընդունվել վերաճանաչել ևս 5 տարի ժամկետով»,-ասել է պրոռեկտորը։

Նրա խոսքով՝ փաստաթղթում հստակ նշված է, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտը ֆրանսիական պետական բուհերի դիպլոմներ ունեցող ճարտարապետի հավասար իրավունքով և ընթացակարգերով կարող է աշխատել Ֆրանսիայում, ստանալ լիցենզիա և գործունեություն ծավալել մասնագիտական ուղղություններով։

Եդոյանի համոզմամբ՝ այս իրողությունն էապես կնպաստի արտասահմանցիների ներհոսքին համալսարան։

«Ներկայում ունենք մոտ 150 արտասահմանցի ուսանողներ՝ հիմնականում Հնդկաստանից, Սիրիայից, Իրանից, Ռուսաստանից, Լիբանանից։ Մեր համալսարանում ուսումնառությունն իրականացվում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներով»,-ավելացրել է նա։

Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանը շեշտեց այն հետևողականությունը, որի շնորհիվ արդեն յոթերորդ անգամ համալսարանի դիպլոմը վերաճանաչվում է Ֆրանսիայի կողմից։