AM
7 December 2023 - 09:30 AMT

Սանոսյան․ Ապարանի վթարային շենքերում բնակվող 43 ընտանիքի բնակարան կնվիրնեք

Ապարանում 43 ընտանիք նոր բնակարան կտեղափոխվի։ Կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Ապարանի Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհի 7 հասցեում գտնվող վթարային շենքերի փոխարեն Գարեգին Նժդեհի 36 հասցեում պետմիջոցներով 683 մլն դրամով կառուցվել է բազմնաբնակարան շենք՝ 43 բնակարանով։

Նախկին երկու շենքը միասին 38 բնակարան ունեին։

Սանոսյանն ասել է. «Այս որոշման արդյունքում 43 ընտանիքի 118 անձանց բնակարան կնվիրենք և ավել 5 բնակարանից 3-ը կտրվի արցախյան պատերազմի զոհվածների ընտանիքներին և 2-ը՝ երկարաշարժի ժամանակ բնակարանները վնասված ընտանիքներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել, թե պատասխանատուները երաշխավորո՞ւմ են, որ նոր բնակարանները բաշխելուց հետո հին վթարային շենքերում մարդիկ չեն ապրելու։

«Սա էս գլխից պետք է նախապատրաստել և ժամանակացույցով հստակ այդ շենքը հողին հավասարեցնել։ Գիտեմ օրինակներ, երբ վթարային շենքի դիմաց մարդիկ բնակարան են սարքել, ընտանիքի մի մասը մնացել է հին շենքում, մյուս մասը տեղափոխվել է նոր բնակարան, և պրոբլեմը մեզ համար մնացել է նույնը»,–ասել է նա։

Սանոսյանն ի պատասխան ասել է, որ քաղաքացիները բնակարան կստանան իրենց հին տներից հրաժարվելու պայմանով, իսկ բնակարանների տրամադրման գործընթացի ավարտից հետո նախատեսված է հին շենքերը քանդել։