AM
8 December 2023 - 10:07 AMT

Խանդանյան․ ՀՀ-ն հնարավոր է համարում մոտ ժամանակում խաղաղության պայմանագրի ստորագրումը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը հնարավոր է համարում մոտ ժամանակում խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Մենք կառուցողական ենք տրամադրված, բայց պետք է փաստաթուղթն ունենա այն տեսքը, որը Հայաստանի համար հնարավոր կլինի ստորագրել»,- նշել է Խանդանյանը, գրում է Aysor.am-ը։

Նա շեշտել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը տարածվել է դեկտեմբերի 7–ին, դրական ազդեցություն կունենա խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։

Նա պնդել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձանություն են տվել հուլիսին։

«Հայաստանը հորդորում է միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»,- ասել է Խանդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ դա լինելու է ի շահ Հայաստանի։

«Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը՝ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Խանդանյանը։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: