ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` կից օրենսդրական փաթեթով:
Նրա տեղեկացմամբ, փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունների կարգավորումն է ուղղված քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական իրացմանը պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, հայտնում է Panorama.am-ը։
Փաթեթը միտված է նաև սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմանը:
Օրենսդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, կարգավորեն և ներդնեն նոր իրավահարաբերություններ, որոնք ուղղված են տնտեսության, սպորտի և հրաձգության զարգացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը, ինքնապաշտպանության և անօրինական զենքի քանակի նվազեցմանն ու ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրսբերմանը:
Վիլեն Գաբրիելյանը հայտնել է, որ կառավարությունը ներկայացրել է բազմաթիվ առաջարկներ և առարկություններ, որոնց մեծ մասն ընդունվել է:
Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը: Դրական էր նաև Կառավարության կարծիքը: Այն ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: