Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ ՀՀ–ն հանձնառու է այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով ԵՄ–ն դա հնարավոր կհամարի։
«Մեր կառավարությունը ողջունում է Եվրոպական հանձնաժողովի որոշումը առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ: Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որը նույնպես ունի եվրոպական ձգտումներ։ Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»,–ասել է նա:
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը ներկայումս առերեսվում է լրջագույն մարտահրավերների:
«Մեր կառավարության և բոլոր պատկան մարմինների ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ. ուժի կիրառման արդյունքում նրանք մեկ շաբաթվա ընթացքում ստիպված էին լքել իրենց տները:
Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք: Մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմվելով ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքերի վրա: Նույն այն սկզբունքների, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանների փոխադարձ ճանաչմանը, հաղորդակցությունների, տրասպորտային ենթակառուցվածքների բացմանը, որոնք մենք նախկինում ընդունել էինք Բրյուսելում ղեկավարների եռակողմ հանդիպումների ժամանակ:
Բազմաթիվ առիթներով մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունն ու վճռականությունը մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով տևական խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, որտեղ բոլոր երկրները կապրեն բաց սահմաններով և կապված կլինեն ակտիվ տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերով։ Մեր կառավարությունը վերջերս ներկայացրել է ապագայի մեր տեսլականը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»՝ որպես խաղաղության օրակարգի մաս: Այս ծրագրի հիմքում ընկած է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրական գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով: Ավելին, Ադրբեջանի հետ վերջերս ընդունված համատեղ հայտարարությունը գերիների ու պահվող անձանց փոխանակման և COP29 համաժողովի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեր վճռականության ևս մեկ դրսևորում է: Մենք հույս ունենք, որ այս դրական ազդակից հետո Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին»,–ասել է նա։
Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։
Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: