AM
12 December 2023 - 12:04 AMT

Սիմոնյան․ Լիահույս ենք՝ մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք գերիների վերադարձի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում հույս է հայտնել, որ գերիները կվերադառնան առաջիկա օրերին։

«Սպասում ենք և լիահույս ենք, որ մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք գերիների վերադարձի մասին»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածության փոփոխություն չկա, գործընթացն ընթացքի մեջ է։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: