ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման՝ վերջնական նախագիծ չկա։
Նա տեղեկացրել է նաև, որ հունվարին նախատեսվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպում ԱՄՆ–ում, որին ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը։
Մարուքյանն ասել է, որ հույս կա պայմանագրի տեքստը վերջնականացնել հունվարին կայանալիք այդ հանդիպմանը։
2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: