Կառավարության դեկտեմբերի 14–ի նիստում հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը, որի համաձայն նիստերը կարող են անցկացվել Հայաստանում, Ադրբեջանում և սահմանին։
Նիստերը կարող են անկացվել նաև տեսակոնֆերանսի ձևաչափով կամ 3-րդ երկրների տարածքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նման որոշում պետք է հաստատի նաև ադրբեջանական կողմը։
«Սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, սա շատ կարևոր է»,- հավելել է նա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ ներկայացված փաստաթուղթը կարգավորում է կազմակերպչական հարցեր, թե ինչպես են հարաբերվելու երկու կողմերը, սակայն, հաջորդ փուլում պետք է մշակել մեկ այլ կանոնակարգ։
«Հետո իրավական ակտի տեսք կտանք, որն արդեն ավելի բովանդակային կլինի՝ դրանով արդեն պետք է նկարագրենք մեթոդաբանությունն ու սահմանումներ տանք, թե ինչ ենք հասկանում քարտեզի սահմանման տակ, ինչը գերկարևոր է ու ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ։ Կարծում եմ՝ այդ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո, աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերով ու տոպոգրաֆիկ քարտեզների քննարկման ձևաչափով»,- տեղեկացրել է Գրիգորյանը։
Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: