AM
15 December 2023 - 08:48 AMT

Հատուկ պահանջարկով պետհամարանիշերն աճուրդի կհանվեն․ 5 թվից 4-ը կազմված կլինի միայն 0–ից

2024–ին հնարավոր կլինի ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր, որոնց առանձնահատկությունը կայանում է նրանում, որ համարանիշի 5 թվանշանից 4-ը կազմված են լինելու միայն 0-ից՝ միևնույն կամ տարբեր լատինական երկու տառի համադրությունից։

Դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվել է «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որն ուժի մեջ կմտնի 01.02.2024–ին։

Որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները և չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը, հայտնում է ՆԳՆ-ն։

Որոշմամբ սահմանված չափորոշիչներով համարանիշերի աճուրդով հատկացման մեկնարկային արժեքները և աճուրդի իրականացման հետ կապված իրավահարաբերությունները ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից սահմանվելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կստանան ձեռք բերել Որոշմամբ սահմանված չափորոշիչին համապատասխան ցանկացած համարանիշ։

Տրանսպորտային միջոցների առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը առաջիկայում կդրվեն աճուրդի: