ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում է Արցախի ՔՕ հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված կամ մեղադրվող 20 անձ: Այդ մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 11 բանտարկյալ, որոնցից միայն մեկն է հայտնաբերվել Վանաձորում. նա մեղադրվում է սպանություն կատարելու մեջ։
«Նրանք դատապարտվել կամ մեղադրվում են սպանություն, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու (այդ թվում` անչափահասի նկատմամբ), գողություն կատարելու համար»,- հայտնել են արդարադատության նախարարությունից։
Նախարարությունից նաև հայտնում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2494 անձ, որից 1324 կալանավորված անձ է, 1170–ը` դատապարտյալ:
Միաժամանակ, 2023թ. ընթացքում (հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում) պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 101 դատապարտյալ:
2021 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Արդարադատության նախարարության նախագծին «Հրազդան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկների փակման վերաբերյալ։ Նախատեսվում է փակել նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները։ Փոխարենն իշխանությունները մտադիր են նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել 1200 դատապարտյալի համար։