Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ, համդիպմանը մասնակցել է նաև ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարը։
Հանդիպմանը երկուստեք դրական է գնահատվել առաջիկայում Ուրուգվայում Հայաստանի դեսպանատան բացումը, ինչը կնպաստի տարբեր մակարդակներում երկու երկրների փոխգործակցության ակտիվացմանը: Այս համատեքստում ընդգծվել է նաև բարձր մակարդակի քաղաքական փոխայցելությունների իրականացման և խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղղությամբ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը, ի դեմս Սենատի նախագահի՝ շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ժողովրդին և պետությանը Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչելու, ինչպես նաև վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ ծառացած մարտահրավերների նկատմամբ հստակ և արդարացի դիրքորոշում ունենալու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ուրուգվայական ոլորտային համագործակցության խթանման հնարավորությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, կրթության և այլ բնագավառներում:
Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Այնուհետև Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանի, առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սաջյանի և հայ համայնքի ներկայացուցիչներ Դիեգո Կարամանուկյանի ուղեկցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է հրապարակում ծանոթացել հուշահամալիրի կառուցման պատմության դրվագներին: