AM
16 December 2023 - 09:32 AMT

Վարչապետը հանդիպել է վերադարձած շիրակցի գերիների հարազատներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ դեկտեմբերի 15-ին հանդիպել է օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ:

Կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է, որ այս երեք տարիների ընթացքում ամեն հնարավոր բան արվել է գերիների վերադարձի համար:

«Չնայած պարզ է, որ բոլորս էլ անհամբեր էինք օր առաջ տեսնել նրանց վերադարձը, բայց շնորհակալություն եմ հայտնում ձեզ համբերատարության համար, որովհետև դա շատ կարևոր էր: Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում ձեր համբերատարությունը»,- ասել է վարչապետը և հավելել, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ գերիների հարազատները շնորհակալական խոսքեր են հղել վարչապետին և կառավարությանը գործադրած ջանքերի համար:

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: