Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը կկալանավորվի, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դատավորի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, հայտնում է «Ազատությունը»։
Տիգրան Փալադյանի նկատմամբ, ինչպես դեկտեմբերի 15–ին հայտնել էին դատախազությունից, հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք:
ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ և 161-րդ հոդվածների հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել է նիստ և բավարարել Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: