ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ մոտեցումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին:
Նախարարն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ ԼՂ 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերի, ինչպես նաև Հարավային Կովկասի կայունությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների հետ փոխգործակցության կարևորության շուրջ:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։