Արցախից տեղահանվածները ևս 3 ամիս անվճար կօգտվեն էլեկտրագնացքներից։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան:
Ակցիան գործում է հոկտեմբերի 1-ից այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստան են ժամանել 2023–ի սեպտեմբերի 25-ից հետո: Ակցիայի ոչ լիարժեք երեք ամիսների ընթացքում դրանից օգտվել է 3200 քաղաքացի։
Ավելի վաղ նախատեսվում էր ակցիան ավարտել հունվարի 1-ին, սակայն հաշվի առնելով ակցիայի սոցիալական նշանակությունը և համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ՝ ընկերությունը որոշել է այն երկարացնել ևս 3 ամսով։
Անվճար երթևեկության իրավունքը վերաբերում է ամենօրյա երթևեկության տեղական նշանակության էլեկտրագնացքներին ՝ № 684/687 Երևան-Գյումրի-Երևան, № 686/685 Երևան-Գյումրի-Երևան, № 681/682 Գյումրի-Երևան-Գյումրի, № 7010/7011 Արաքս-Երևան-Արաքս և № 6512/6517 Երասխ-Երևան-Երասխ գնացքներին:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։