AM
20 December 2023 - 07:36 AMT

Փաշինյան․ ԼՂ-ն հայաթափողները համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցն ու պետք է լուծվի նաև ՀՀ հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստետսության եթերում հայտարարել է, որ այն մարդիկ, որոնք պլանավորեցին և իրականացրեցին ԼՂ հայաթափումը, համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը։

Արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումներին, թե այդ Հայաստանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ոչ թե ՌԴ–ն՝ Փաշինյանն ասել է. «2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին ՌԴ նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այդ հայտարարությունները հրապարակային են։ Այդ հայտարարությունն, իմ ընկալմամբ, հակասել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»։

Նա նշել է, որ հետո Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք, 2021–ին Սոթք –Խոզնավար հատվածում, Երևանը դիմել է և ՀԱՊԿ-ին, և Ռուսաստանին, որին եղել է զրո արձագանք ռուսական կողմից։

«Ես այդ ժամանակ հրաժարական էի տվել, ԱԺ–ն լուծարվել էր, այդ ընթացքում ՀՀ է այցելել ՌԴ ԱԳ նախարարը, հետո մեկնել է Բաքու, վերադարձել Մոսկվա՝ ուղղակի ժամանակագրությունն եմ ասում, տեղի է ունեցել Սոթք–Խոզնավարի հատվածում ներխուժումը։ Մեծ էր հավանականությունը, որ ՀՀ կառավարությունն այլ ռեակցիա կտար, ընտրություններ տեղի չէին ունենա, կլիներ ՀՀ լուծարում։ Մենք հասկանում էինք, որ ՀՀ լուծարման խնդիր է դրված։ Զրո արձագանք ՀԱՊԿ–ից ու ՌԴ–ից։ Ընդ որում, ընդդիմությունը մեզ քննադատում էր՝ ասելով, թե սխալ հոդվածով ենք դիմել ՀԱՊԿ–ին, կամ՝ եթե հայկական բանակը չի կռվում, ՀԱՊԿ–ը ինչու պետք է հայերի փոխարեն կռվի։

Դրան հաջորդեցին 2021–ի նոյեմբերի իրադարձությունները, երբ ՀՀ բանակը կռվեց՝ էլի զրո արձագանք։ Իսկ 2022–ին ՌԴ–ն ու Ադրբեջանը հռչակագիր ստորագրեցին, բարձրացնելով հարաբերությունները ռազմավարական մակարդակի՝ կողմերը պարտավորվում են չկատարել այնպիսի գործողություններ, որոնք մյուս կողմի մեկնաբանությամբ հակասում են իրենց ազգային շահերին։ Տեղի են ունեում Փառուխի իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում՝ զրո արձագանք ռուս խաղաղապահներից»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ 2022–ին ՀՀ էր ժամանել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Խովաևը՝ առաջարկելով հետաձգել ԼՂ կարգավիճակի հարցը, ինչին հայկական կողմը դրական է արձագանքել՝ տալով իր համաձայնությունը։

«Խովաևը գնում է Բաքու, Ադրբեջանը մերժում է, ոչ պաշտոնապես։ Պաշտոնական պատասխան ստանալու համար Խովաևը տարածաշրջան է այցելում արդեն 2022–ի սեպտեմբերին՝ 11–ին կամ 12–ին։ Սկզբից Բաքու, հետո ՀՀ, այդ ընթացքում տեղի է ունենում Ադրբեջանի հարձակումը ՀՀ վրա՝ էլի զրո արձագանք , ի հեճուկս մեր դիմումների, ՌԴ կողմից և ՀԱՊԿ կողմից։ Արձագանք ասելով, նկատի ունեմ ոչ թե ՌԴ ԱԳՆ հայտարարությունները, այլ պայմանագրերով նախատեսված անվտանգության ապահովման միջոցառումները։ Հոկտեմբերի 6–ին Պրահայում մենք արձանագրում ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա խաղաղության գնալու մեր պատրաստակամությունը տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա, ինչ որ ՌԴ–ն Ադրբեջանի հետ արդեն արձանագրել էր հռչակագրում։ Դա միակ միջոցն էր ՀՀ տարածքային ամբողջականությունը վերահաստատելու։

Պարզվեց, որ ՀԱՊԿ խնդիրը որն էր, ասում են, գանք դիտորդ լինենք, ինչն անընդունելի էր։ Մենք ասում ենք ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ֆիքսեք, որն է այդ գոտին՝ երբ կա իրավիճակ, երբ այդ գոտին խախտվել է»,–ասել է Փաշինյանը։