AM
20 December 2023 - 08:42 AMT

ՀՀ դատախազությունը Սետրակովին ձերբակալելու և ՌԴ–ին հանձնելու միջնորդություն չի ստացել, չի քննարկել, չի բավարարել

Գյումրիում ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի ստացվել, չի քննարկվել, չի բավարարվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալելու մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազությունն ընթացք էր տվել ՌԴ քաղաքացուն 102-րդ ռազմաբազայի ՌՈ ծառայողների կողմից ձերբակալելու ահազանգին:

«Դմիտրի Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։