AM
21 December 2023 - 10:04 AMT

Փաշինյան. ԱԱԾ աշխատանքի որակը գնալով բարելավվում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նա իր ելույթում նշել է, որ ԱԱԾ աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այդ գործընթացը։

Փաշինյանն ընդգծել է, որ Ազգային անվտանգության ծառայության և մեր երկրի պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ հզորացումն առաջնահերթություն է կառավարության համար:

«Եվ Ազգային անվտանգության ծառայությունը հասկանալիորեն այս ուշադրության իմաստով ամենևին էլ երկրորդական տեղերում չէ, և տնօրենն արդեն նշեց՝ 2018 թվականից ի վեր Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն, ըստ էության, եռապատկվել է:Պետք է արձանագրենք, որ այդ ֆինանսական միջոցների ավելացումը հիմնականում ծառայում է երեք հիմնական նպատակների: Առաջինը՝ ծառայության տեխնիկական հագեցվածությունը, երկրորդը՝ նաև ենթակառուցվածքների բարելավումը: Եվ նաև շատ կարևոր ենք համարում, որ էական միջոցներ են հատկացվում ծառայողների սոցիալական վիճակը բարելավելու, աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ: Այս առումով, կարևոր է կամավոր ատեստավորման գործընթացը»,–ասել է նա։

Փաշինյանը կարևորել է նաև ԱԱԾ-ում ոլորտի բարեփոխումների շարունակումը:

«Առաջիկայի համար և ռազմավարական ընկալմամբ, մենք պետք է Ազգային անվտանգության ծառայության կարողությունները կենտրոնացնենք 3 հիմնական ուղղությունների վրա, որոնցից մեկն, ակնհայտորեն, հակահետախուզությունն է, երկրորդը՝ սահմանադրական կարգի պահպանությունը, և երրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը: Իհարկե, այս բոլոր գործառույթներն իրականում շատ կարճ են հնչում, բայց դրանք ընդգրկուն, խորը և բազմապրոֆիլ ու բազմաշերտ գործառույթներ են, որոնք կապված են պետության անվտանգության ապահովման առանցքային և կենսական խնդրի հետ: Իհարկե, այս առումով նաև մենք կշարունակենք Ազգային անվտանգության ծառայության կարողությունների մեծացումը»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Սահմանապահ զորքերն առնվազն տեսանելի ապագայում նույնպես կշարունակեն լինել Ազգային անվտանգության ծառայության անբաժանելի մաս:

«Նաև մաքսանենգության դեմ պայքարն է օպերատիվ մասով շարունակում մնալ Ազգային անվտանգության ծառայության գործառույթների մեջ: Տնօրենը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի ենթակառուցվածքների բնականոն գործունեության խնդիրը նույնպես դրվելու է Ազգային անվտանգության ծառայության վրա, բայց ակնհայտորեն այս բոլոր խնդիրները ծառայությունը չպետք է միայնակ լուծի, պարզապես աշխատանքի ճշգրիտ բաժանում պետք է տեղի ունենա, որպեսզի ծառայության պատասխանատվությունը լինի իսկապես արդյունավետ իրագործելու և իրացնելու հնարավորություն: Այս առումով, տեսնում եմ, որ մենք հետևողական, համաչափ և հստակ քայլերով գնում ենք առաջ, ինչը շատ կարևոր է: Այս պրոցեսը պետք է անպայման շարունակել»,–ասել է նա։

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վարչապետը նշել է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում: