AM
21 December 2023 - 13:05 AMT

ՄՃԽ նախագահն այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Այցով Հայաստանում գտնվող Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոն այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հուզիչ է տեսնել, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղից փախստականների ընտանիքները փորձում հաստատվել Հայաստանում։ Նրանցից ավելի քան 100,000-ը փախել է այս տարվա սեպտեմբերին` Ադրբեջանի կողմից տարածաշրջանը հետ գրավելու ռազմական գործողության ժամանակ»,- ասվում է գրառման մեջ»

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ ցրտաշունչ այդ օրն այցելել են Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող Նորաբակ գյուղի մի ընտանիքի։

«10 երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի կարիքները մեծ են։ Ինչպես մյուսները, նրանք ևս թողել են ամեն ինչ, առանց վերադարձի հեռանկարի»,- գրել է Էրոն։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։