AM
21 December 2023 - 13:07 AMT

Գիտկադրերի ատեստավորման նոր կարգ կա

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է գիտական կադրերի ատեստավորման նոր կարգը՝ գիտական աշխատողների արդյունավետության նոր պայմանները սահմանվելու են ըստ գիտական պաշտոնների տարակարգերի՝ հաշվի առնելով գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած և շարունակվող բարեփոխումները։

Ինչպես նախագիծը ներկայացնելու ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու կառավարության կողմից 2024 թվականին համապետական ատեստավորման ծրագրի հաստատման համար, որը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին, հայտնում է «Փաստինֆոն»։

Վարչապետը ողջունել է նախագիծը, ապա ներկայացրել 2024թ․ հունվարի 1-ից գիտաշխատողների աշխատավարձերի սպասվող փոփոխությունը՝ 2018 թվականի համեմատ։ Ըստ ներկայացված թվերի՝ լաբորանտ-ճարտարագետների աշխատավարձերը 2024թ․ հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել 78 տոկոսով, ավագ լաբորանտինն ու ավագ ճարտարագետինը՝ 105 տոկոսով։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը կբարձրանա 110 տոկոսով, գիտաշխատողինը՝ 154 տոկոսով, ավագ գիտաշխատողինը՝ 205 տոկոսով, առաջատար գիտաշխատողինը՝ 267 տոկոսով, գլխավոր գիտաշխատողինը՝ 262 տոկոսով, գիտական խմբի ղեկավարինը՝ 171 տոկոսով, գիտական ստորաբաժանման ղեկավարինը՝ 218 տոկոսով։ Նշված թվերը ներկայացված են 2018թ․ համեմատությամբ։