AM
22 December 2023 - 07:34 AMT

Միրզոյանն ու Տասմագամբետովը քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 21-ին Երևանում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանը քննարկել է ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է 2023թ. նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքների մասին։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Իմանգալի Տասմագամբետովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ:

Հայաստանը չի մասնակցել նոյեմբերի 22–ին Մինսկում կայացած կազմակերպության գագաթնաժողովին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստին։ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: