AM
22 December 2023 - 09:52 AMT

Ձկնաբույծները կառավարության մոտ վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Ձկնաբույծները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք բողոքում են ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ նոր օրենքի դեմ։

Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու համար հունվարի 1-ից ձկնաբուծարարները պետք է աշխատեն փակ ցիկլով։ Ազգային ժողովն օրենքն այս տարվա նոյեմբերի վերջին է ընդունել, հայտնում է «Ազատությունը»։

Ըստ օրենքի՝ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։

Ձկնաբույծները բողոքում են՝ փակ համակարգը շատ թանկ արժե և մանր ու միջին բիզնեսի համար դժվար իրագործելի է։ Ձկնաբույծները նաև նշում են, որ փակ ցիկլին անցնելուց հետո ձկան գինը 2-3 անգամ կբարձրանա։

Նրանք պահանջում են, որ իշխանությունները լսեն իրենց ձայնը, կարդան կառավարությանն ուղարկվող նամակները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս օգոստոսին էր հայտարարել, որ որոշումը վերջնական է, մեկուկես տարի առաջ այն կայացրել են և ժամանակ տվել ձկնաբույծներին։