Հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին դատարանը դատապարտել է ազատության սահմանափակման 1 տարի 11 ամիս ժամկետով։
Ըստ վճռի, Չալաբյանին արգելվում է կազմակերպել հավաքներ, մասնակցել դրանց և այլ հանրային միջոցառումների, հայտնում է Panorama.am-ը։
Ըստ դատավորի, Չալաբյանը չի կարող առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի թույլտվության փոխել իր բնակության վայրը։
Չալաբյանը հայտարարել է, որ բողոքարկելու է «անհեթեթ դատավաճիռը»։
«Այս անհեթեթ դատավճռի քաղաքական դրդապատճառները այնքան ակնհայտ են, որ նույնիսկ իմաստ չունի դրանց մասին հատուկ խոսել։ Չկարողանալով ապացուցել իմ մեղքը այս շինծու և ծայրից ծայր փնթի սարքած գործով, դատարանը, գործող իշխանությունների անմիջական հրահանգով, որպես վերջին վատություն, փորձում է սահմանափակել իմ հանրային-քաղաքական գործունեությունը։
Ավելորդ է ասել, որ դա չի հաջողվելու, ինչպես մինչև հիմա չի հաջողվել, և մեր պայքարը հանուն միասնական, ազատ և արդար հայկական հայրենիքի շարունակվելու է նոր թափով, ի հեճուկս այս հակազգային և պարտվողական վարչակարգի, ու նրա տարաբնույթ կամակատարների»,–նշել է նա։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2,000,000 դրամ գումար»: