AM
25 December 2023 - 08:35 AMT

Մետրոյի ևս մեկ շարժակազմ դուրս է եկել գիծ 3 վագոնով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում դեկտեմբերի 25–ին 3 վագոնով ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

«Այսօր ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոններով, արդեն դուրս է եկել գիծ։ Սա երրորդ հավելյալ շարժակազմն է, որ այս տարի գիծ է դուրս եկել։ Չորրորդը դուրս կգա հունվարի 15-ից»,- նշել է Սեդրակյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոյով փաստացի տեղափոխվել է 568,847 ուղևոր, բայց ծրագրավորված ուղևորափոխադրումը 504,000 էր։

Գիծ է դուրս բերվել 2857 գնացք։

«Վագոնների քանակն է փոխվել, գնացքների քանակը նույնն է մնացել, այսինքն ավելի շատ մարդ է տեղավորվում»,- ասել է Սեդրակյանը։

Նախորդ 3-վագոնանի շարժակազմը գիծ էր դուրս եկել դեկտեմբերի 18-ին։ Ամռանը մետրոպոլիտենից հայտնել էին, որ 45 նոր շարժակազմ են պատրաստվում ձեռք բերել։