Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ՆԳՆ ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով երթևեկության խախտման տուգանքների ծանուցման թվայնացման անհրաժեշտությանը, նշել է, որ դրանով բալային համակարգով կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ է ստեղծվում։
Ըստ ներկայացված նախագծի, եթե վարորդը 15 օրվա ընթացքում վճարի տուգանքի կեսը, մյուս կեսը կհամարվի վճարված, եթե քաղաքացին Police.am կայքում գրանցվի ու խնդրի իր ծանուցումներն ուղարկել էլեկտրոնային եղանակով, դրա համար ևս 5 տոկոս զեղչ կսահմանվի։
Ըստ Փաշինյանի, թվայնացումը խրախուսելու նպատակով պետք է տրամաբանությունը մի փոքր փոխել, եթե բացառող հանգամանքներ չկան։
«Եթե խրախուսող նորմեր չդնենք, թվայնացման պրոցեսը շատ ավելի դանդաղ կգնա։ Կարծում եմ, որ ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում, զեղչը պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում՝ ևս 30 տոկոս։ Մենք պետք է կարգավորում սահմանենք, որի համաձայն այն հասցեն, որը քաղաքացին Police.am կայքում գրանցել է իր ծանուցումները ստանալու համար, համարվի քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային հասցե։ Այդ դեպքում պետական բոլոր մարմինների բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել այդ հասցեով, այդ դեպքում քաղաքացին կհամարվի պատշաճ ձևով ծանուցված։ Կարծում եմ, որ այս փոփոխությունը պետք է անպայման անել»,- ասել է Փաշինյանը։
Այն դիտարկմանը, որ դա կարող է ոչ այնքան նպատակահարամր լինել բարձր ռիսկայնության վտանգավոր խախտումների դեպքում, Փաշինյանն ասել է, որ ներդրվող համակարգով խախտումը չի խրախուսում։ Նա նշել է, որ այդ հարցը լուծելու համար ներդրվել է բալային համակարգը։
«Նախկինում համակարգը ոնց էր, ինչպես ուզում ես վարի, փողը վճարի խախտումների համար, ինչքան ուզում ես վարի, խախտում արա, եթե գրապանդ թույլ է տալիս։ Ինչու էինք ասում, որ քաղաքացին տուգանելու մատելիալ է՝ քանի որ ասվում էր, փաստացի, ինչքան ուզում ես խախտում արա, շարունակի վարել ավտոմեքենան։ Իսկ հիմա բալային համակարգի շնորհիվ, մի քանի խախտումից հետո նա կզրկվի մեքենա վարելու իրավունքից։ Այսպիսով արձանագրում ենք՝ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ, մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, մենք ասում ենք՝ ՀՀ ճանապարհներով մեքենա պետք է չվարես»,–ասել է Փաշինյանը։
Նա առաջարկել է այս նախագիծը դեռևս չքվեարկել, մեկ անգամ էլ քննարկել, հետո նոր դնել քվեարկության։