AM
28 December 2023 - 11:28 AMT

Սերժ Սարգսյան. ՀՀ կառավարիչը խոստովանեց, որ ինքը ԼՂ-ն զոհաբերել է գիտակցաբար

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արած հայտարարություններին, ասել է, որ հստակ ընդգծել է մի կարևոր հանգամանք՝ «Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար», գրում է Panorama.am-ը։

«Երբ որ նա խոսում է ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա, թե ո՞ր մահակների մասին է խոսում կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին։ Համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ վերջնական կարգավիճակի մասին, որ պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։

Ո՞ր երկրի մասին էր խոսում, ո՞ւմ մասին էր խոսում, որ մահակ է պարզել Հայաստանի գլխին։ Միգուցե՞ այն երկրի, որը մեզ միլիարդներով անվճար և զեղչ գներով սպառազինություն է մատակարարել, ինչն ամբողջությամբ ինքը հանձնել է Ադրբեջանին։ Բայց գոնե բոլորս հասկացանք իր խոստովանությունը։ Միակ ճիշտ բանը որ ասաց՝ ինքը գիտակցաբար է զոհաբերել Ղարաբաղը»,–ասել է Սարգսյանը։

Պատասխանելով հարցին, որ պաշտոնաթող նախագահներին մեղադրում են երկրի համար ծանրագույն վիճակում լռելու մեջ, ասել է, որ արդար չէ իրեն դրանում մեղադրել։

«Այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգությունից հետո սա հինգերորդ հանդիպումն է ձեզ հետ և այդ շփումների ընթացքում ես պատրաստ եմ եղել պատասխանելու ձեր ցանկացած հարցի»,- ասել է նա։

Նա նշել է, որ քաղաքական ուժի ղեկավար է, հանդիպում է բազմաթիվ մարդկանց հետ, հստակ արտահայատում է իր վերաբերմունքը, կարծիքը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։