AM
28 December 2023 - 13:43 AMT

«Ավրորայի լուսաբացը»` MovieWeb-ի 2023-ի լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում

MovieWeb-ի 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում է ընդգրկվել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։

Հրապարակման մեջ նշվում է, որ 2023 թվականը ֆանտաստիկ տարի էր անիմացիոն ֆիլմերի համար, որոնց շարքում է հայտնվել «Ավրորայի լուսաբացը»՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, հայտնում է Panorama.am-

Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմը (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas») ստացել է նաև պետական ֆինանսական աջակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից:

Ռեժիսոր և սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց Ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը: