Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության ամփոփել է 2023–ին կատարած աշխատանքները։ Պատասխանատվության է ենթարկվել 9 նոտար, 10 հարկադիր կատարող, 12 ՔԿՀ ծառայող, 3 պետ, 2 պրոբացիայի ծառայող։
Աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Այսպիսով` 9 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ 1 «նկատողություն», 2 «խիստ նկատողություն», 3 «գործունեության կասեցում»։ Երեք նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներ կարճվել են՝ խախտման նվազ կարևոր լինելու հիմքով:
Երեք կարգապահական վարույթ է իրականացվել սնանկության գործերով կառավարիչների նկատմամբ, որոնց արդյունքում մեկ սնանկության գործով կառավարչի գործունեություն կասեցվել է, իսկ երկուսինը՝ դադարեցվել:
Եվս 1 սնանկության գործով կառավարչի լիազորություններ դադարեցվել են քաղաքացու դիմումի ուսումնասիրության արդյունքում։
Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում վերահսկողական վարչությունն իրականացրել է թվով 3 ծրագրային ուսումնասիրություն, որոնցից մեկի արդյունքներով համապատասխան քրեակատարողական հիմնարկի 12 քրեակատարողական և 1 քաղաքացիական ծառայողներ ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական տույժերի, երկրորդով՝ կազմվել է տեղեկանք և Արդարադատության նախարարի կողմից համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ երրորդով կազմվել է համապատասխան տեղեկանք:
Իրականացվել է թվով 10 ծառայողական քննություն, որոնց արդյունքում թվով 3 քրեակատարողական հիմնարկի պետեր և թվով 2 պրոբացիայի ծառայողներ ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական տույժերի։