AM
28 December 2023 - 14:09 AMT

ՀՀ առողջապահություն ամբողջությամբ կանցնի էլեկտրոնային ուղեգրման համակարգի

Հայաստանն ամբողջովին կանցնի էլեկտրոնային ուղեգրման համակարգի: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախագիծը կառավարության նիստում։

«Փոփոխության արդյունքում, բացի պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվողների բուժօգնության միջոցառումներից, մնացած բոլոր ծրագրերը և միջոցառումները կփոխհատուցվեն պայմանագրային գումարով՝ բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Կանոնակարգվում են նաև պացիենտների հերթագրման և ուղեգրման հետ կապված հարաբերությունները: Նշեմ, որ մեր այս նախագծով դուրս է գալիս թղթային ուղեգրման տարբերակը, և մենք ևս անցնում ենք ամբողջովին էլեկտրոնային ուղեգրման համակարգին,–ասել է նա:

Ներկայումս պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների փոխհատուցումն իրականացվում է սահմանափակված բյուջեի և հերթագրման սկզբունքով: Պետական պատվերի շրջանակում բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է թվով 27 միջոցառումների շրջանակներում: 27 միջոցառումներից միայն 7-ի փոխհատուցումն է իրականացվում պայմանագրային գումարի բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով: Օֆերտայի սկզբունքով բաշխվում է վերը նշված միջոցառումներով հատկացված գումարի 44 տոկոսը:

Գործադիրի այսօրվա որոշմամբ առաջարկվում է ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների փոխհատուցումն իրականացնել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով, փորձարարական կարգով:

Արդյունքում կվերացվեն բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարի ամսական համամասնության հետ, կվերանա պարբերաբար իրականացվող կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը, հերթագրումներ կիրականացվեն միայն բուժհաստատությունների թողունակության անբավարարության կամ պետական բյուջեով տվյալ ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարի համամասնության ավարտման դեպքում:

Թեմայի առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այլևս չի լինի ՀՀ առողջապահության նախարարի հրաման, որով իրականացվում են նախնական բաշխումներ պետպատվերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու համար: