AM
28 December 2023 - 14:37 AMT

Սարգսյան. Հուսով եմ՝ Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ և հուսով է, որ կգտնի այն լուծումը, որն իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում։

Նա նշել է, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հնախագահ է, չի կարող լուծարել հանրապետությունը, հայտնում է Aysor.am-ը։

«Կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել հանրապետությունը։ Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել»,-նշել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։