AM
28 December 2023 - 14:41 AMT

ԱԺ փոխնախագահ. ԱՄԷ վիզայի չեղարկումը կարևոր դեր կունենա գործակցության զարգացման գործում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը կարևոր դեր կունենա գործակցության զարգացման գործում։

Արշակյանի կարծիքով երկու երկրների միջեւ շաբաթական մոտ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային եւ ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը:

Դեսպանը նշել է, որ մի շարք ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ և առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը:

Երկուստեք կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը շեշտել է պատգամավորական բարեկամական խմբերի դերակատարումը՝ որպես փոխըմբռնման ու փոխվստահության յուրօրինակ կամուրջ, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ավելի սերտ երկխոսության կայացման համար:

Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև կապերի նոր էջ կբացվի՝ հիմնված գործընկերության և մեծ հեռանկարների վրա:

Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրության վավերացման մասին օրինագիծն ընդունվել է դեկտեմբերի 22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում և արդեն ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից: