AM
5 January 2024 - 08:53 AMT

ՔԿ նախագահ. Սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ պատերազմի հետևանքով 223 մարդ է զոհվել, ևս 70–ը մահացել է գաղթի ճանապարհին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը «Լուրերի» եթերում հրապարակել է 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գրանցված զոհերի, վիրավորների և անհետ կորածների թիվը։

Ըստ այդմ` 223 մարդ է զոհվել, որոնցից 25-ը քաղաքացիական անձ է։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ 244 մարդ վիրավորում է ստացել, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են։ Այդ հարձակման հետևանքով 20 անհետ կորած կա, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են, գրում է Sputnik Արմենիան։

«Արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ»,- հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:

Նա տեղեկացրել է նաև, որ Լեռնային Ղարաբաղից արցախահայության բռնի տեղահանման ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել։

Նա ընդգծել է, որ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ էթնիկ զտման վերաբերյալ, և արցախահայտության բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում:

«Սա ինչու եմ հատուկ ընդգծում. շատ հաճախ ադրբեջանական կողմը փորձում է շահարկել ՀՀ-ի զինված ուժերի առկայության հանգամանքը ԼՂ-ում, որը անթույլատրելի է»,ասել է Քյարամյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։