AM
8 January 2024 - 08:55 AMT

Նախարար․ Բաքվում գերեվարված հայերի իրավունքների պաշտպանության ծավալուն աշխատանք է տարվում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասուլիսում հայտարարել է, որ իրականացվում է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի իրավունքների պաշտպանության ծավալուն աշխատանք։

Նա հիշեցրել է, որ դեկտեմբերին ավելի քան 30 հայ գերի է վերադարձել տուն, Հայաստանն իր հերթին Ադրբեջանին է հանձնել երկու դատապարտյալի, հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ նրա՝ իրականացվում է մեծ դիվանագիտական աշխատանք ԱԳՆ-ի և դեսպանությունների միջոցով՝ միջազգային հանրությանը տեղեկացնելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այդ ինչ մարդիկ են, նրանց քաղաքական անցյալը։

Իրականացվում են նաև ԿԽՄԿ այցելություններ` ապահովելու գերիների կապը հարազատների հետ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը «Լուրերին» տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանում հունվարի 5–ի դրությամբ պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ։ ՔԿ նախագահը տեղեկացրել է, որ նրանցից 17–ը գերեվարվել է 2023–ի ագրեսիայի արդյունքում և որ նրանց թվում են նաև Արցախի նախկին պաշտոնյաները։

«Մենք ունենք նաև փաստական տվյալներ 44–օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին, որնոնք ներկայացվել են վերպետական ատյաններին, ունենք նաև ՄԻԵԴ–ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստը Ադրբեջանը հերքում է»,– ասել է նա։