Հունվարի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ` քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Զրուցակիցներն անդրադարձել են վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Գրիգորյանը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն:
2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: