ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին հունվարի 8–ի դատական նիստին դատարան էին բերել շտապօգնության մեքենայով և անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ։ Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Խաչատրյանին։
Դատական նիստի հենց սկզբում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիմել է՝ քննարկելու Խաչատրյանին Գերմանիա վիրահատության նպատակով մեկնելու թույլտվություն տալու միջնորդությունը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ելքի թույլտվության վերաբերյալ դատարանը քանի որ դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել Առողջապահության նախարարությունից, ուստի չի կարող քննել այդ հարցը»,- նշել է դատավորը։
Երեմ Սարգսյանը շարունակել է բողոքել որոշման դեմ, բանավեճ և փոխադարձ մեղադրանքներ են սկսվել մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանի և պաշտպանի միջև։ Մեղադրող դատախազի կարծիքով՝ պաշտպանական կողմը կանխատեսելի դատավարական վարքագիծ է ընտրել, նիստը ձգձգելու նպատակով հերթական միջնորդության քննարկում են առաջարկում, որից հետո ասելու են, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է, պետք է անհապաղ բուժօգնության տեղափոխել, դատական նիստը հետաձգել։
Պաշտպանը մեղադրել է դատախազին բացարձակ անմարդկային վերաբերմունքի մեջ՝ շեշտելով, որ վերջինս բացասական վերաբերմունք ունի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։
Պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրել է Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ առկա եզրակացությունները, ըստ որոնց՝ ՊԵԿ նախկին նախագահին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Հայաստանյան ԲԿ-ներում կարող են համաձայնել այն անցկացնել միայն պայմանով, որ մասնակցի նախորդ վիրահատությունը կատարած բժիշկը՝ համապատասխան բժշկական պարագաների հավաքածուի առկայությամբ, մինչդեռ այդ ամենը Հայաստանում առկա չէ, հետևաբար, ինչպես պնդում է պաշտպանը, վիրահատությունը հնարավոր չէ կատարել Հայաստանում։
Պաշտպանը նաև մեղադրող դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է։ Սարգսյանի հիմնավորմամբ՝ մեղադրող դատախազը կանխակալ է, օբյեկտիվ վերաբերմունք չունի իր պաշտպանյալի հանդեպ։
Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։ Ըստ դատախազության՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։ Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:
Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։