AM
8 January 2024 - 14:13 AMT

Զուրաբյանն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն է ներկայացրել

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն է ներկայացրել։ Դատարանում նա հիմնավորել է, թե ինչու է ինքը երաշխավորություն ներկայացրել։

Զուրաբյանն ասել է, որ խափանման միջոցը փոխելու հարցում անձնական երաշխավորություն տալու խնդրանքով Արմեն Աշոտյանը դիմել է իրեն և ինքն էլ համաձայնվել է, հայտնում է Panorama.am-ը։

«Դա կարող է զարմանք հարուցել որոշ մարդկանց մոտ և հարուցել է. չէ՞ որ վերջին 2 տասնամյակի ընթացքում ես և իմ թիմը՝ ՀԱԿ-ը, անխնա քննադատության ենք ենթարկել ՀՀԿ-ին՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար, պահանջել իրավապահներին պատժել նման արարքների համար պատասխանատուներին»,-ասել է նա։

ՀԱԿ փոխնախագահը հայտարարել է, որ ինքն առանց վարնման միշտ բավարարել է քաղաքական և հասարակական գործիչների նման դիմումները, քանի որ միշտ դեմ են եղել կալանքը բռնաճնշում օգտագործելու անարդար և ապօրինի պրակտիկային, ինչը դիտարկել են քաղաքական հետապնդում իշխանությունների կողմից։ Նա հստակեցրել է, որ այդ մոտեցումները չի կարող տարածվել սպանության, ահաբեկչության, մարդկային զոհեր առաջացրած սահմանադրական կարգի տապալման և այլ բռնությունների հետ կապված մեղադրանքների վրա։

«Այս դեպքում խափանման միջոցի առաջարկված փոփոխությունը քաղաքացիների անվտանգությանը որևէ կերպ չի սպառնում, ոչ էլ խոչընդոտում է բաց և արդար դատաքննությանը։ Հետևաբար, դատավարության կալանքի տակ պահելով Աշոտյանին՝ դատարանը կապացուցի, որ ի սկզբանե խախտում է անմեղության կանխավարկածի և անաչառության սկզբունքները», – ասել է նա։

Զուրաբյանի խոսքով, կարևոր է նաև հասկանալ, թե արդյոք դատարանում քննարկվող այս գործի հիմքում ընկած է կոռուպցիայի դեմ պայքարի դեպք։

«2012-2017 թվականներին հանդես ենք եկել բազմաթիվ ելույթներով՝ ներկայացնելով չարաշահումների մասին հավաստի տեղեկություններով։ Այդ գործերով ֆիգուրանտներից որևէ մեկն առ այսօր կալանքի տակ չէ։ Միաժամանակ իրավականորեն բավականին վիճահարույց և կասկածելի մեղադրանքով կալանքի տակ է գտնվում Արմեն Աշոտյանը, որը թավշյա հեղափոխությունից հետո աչքի է ընկել չափազանց սուր քննդատությամբ, հատկապես նրանց վարած ղարաբաղյան քաղաքականության հետ կապված։

Իրական թալանչիները շարունակում են վայելել ապօրինաբար ձեռք բերված հարստությունը, մինչդեռ ռեպրեսիվ հարվածի տակ է հայտվել առավել ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող գործիչը։ Որևէ կասկած չունեմ, որ տվյալ դեպքում գործ ունենք քրեական հետապնդման հետ, որի նպատակը ոչ թե կոռուպցիայի բացահայտումն ու պատժումն է, այլ քննադատությունը լռեցնելը»,-ասել է նա։

Աշոտյանն անցնում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով։ ՔԿ-ից հայտնել են, որ նա վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները: